ՎՍԴՀԿ ատենապետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ ԼՅՈՒԴՄԻԼԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ սահմանադրական բարեփոխումներին «այո» ասող քաղաքական գործիչներից է, ով իր այդ դիրքորոշման համար ընդդիմադիր գործընկերների խիստ քննադատությանն արժանացավ: «Իրատեսի» հետ զրույցում տիկին Սարգսյանը խոսեց սպասվող հանրաքվեից, գործընկերների վերաբերմունքից և ընդդիմադիր դաշտի խնդիրներից:
-Ինչպե՞ս եք «այո»-ն քարոզելու:
-Մենք «այո»-ի շտաբներ չենք բացելու, այդ միջոցները չունենք: Մարզային չորս-հինգ գրասենյակ ունենք, որտեղ կանցկացնենք հանրային իրազեկումներ: Հանդիպումներ կլինեն մարզային կառույցների, համակիրների և բոլոր նրանց հետ, ովքեր կցանկանան լսել մեզ: Կհիմնավորենք, թե ինչու ենք կողմ սահմանադրական բարեփոխումներին: «Այո»-ի կողմնակիցները շատ են, քարոզարշավը պատշաճ անցկացնելու համար բավականին ռեսուրս կա:
-Գուցե միանա՞ք իշխանության քարոզարշավին:
-Նախ` նման առաջարկ չի եղել: Հետո էլ իշխանության ռեսուրսները բավարար են, որ ինքնուրույն քարոզչություն ծավալի: Ես, որպես ՎՍԴՀԿ ատենապետ, իմ քվեարկությամբ «այո» եմ ասել, ինչն արդեն քիչ չէ: Ներկայացրել եմ կուսակցության որոշումը, իսկ մնացած աշխատանքները մարզային կառույցները կիրականացնեն:
-Ձեր «այո»-ի համար Դուք բավականին «քարկոծվեցիք»: Շարունակվո՞ւմ է «թիրախային» քննադատությունը:
-Ես ընդհանրապես չեմ հետևում ֆեյսբուքյան գրառումներին, մտածված չեմ գրանցվել այնտեղ: Այսօր հրապարակային քննադատություն չկա, մինչ այդ եղած քննադատությունն էլ անհիմն էր և չափազանցված: Պետք է գիտակցել, որ մենք առանձին քաղաքական ուժ ենք, և ես, չնայած ՀԱԿ խմբակցության անդամ եմ, նաև կուսակցություն եմ ներկայացնում, որի շատ մոտեցումներ տարբերվում են ՀԱԿ խմբակցության մոտեցումներից: Սա շատ նորմալ է, քանի որ մենք ավանդական կուսակցություն ենք, ու մեր դիրքորոշումները շատ կայուն են: Պետք է ըմբռնումով վերաբերվեին մեր քայլերին, չէր կարելի ութ տարվա գործընկերոջ նկատմամբ այդպիսի վերաբերմունք դրսևորել: Հատկապես որ շարժման ամենանվիրյալ անձանցից եմ եղել ու մշտապես ստորադասել եմ կուսակցության շահերը հանուն ընդհանուր նպատակի: Բայց չէ՞ որ տեսանելի էր, որ այդ շարժումն այլևս չկա, և ամեն կուսակցություն առաջնորդվում է իր առաջնահերթություններով, իր ծրագրերով, նպատակներով: Այս դեպքում ինչո՞ւ մենք չենք կարող նույնն անել: Ոչ միայն կարող ենք, նաև պարտավոր ենք շարժվել մեր քաղաքական ուժի սկզբունքներով:
-Որպես «Այո»-ի կողմնակից, ինչպե՞ս եք գնահատում «Ոչ»-ի քարոզարշավը:
-Չեմ ուզում գնահատականներ հնչեցնել, բայց կցանկանայի, որ այդ աշխատանքներն ավելի կազմակերպված, միասնական լինեին: Հավանաբար կան խնդիրներ, որ համախմբման հնարավորություն չեն ստեղծում: Արդեն հայտարարվել է, որ «Ոչ»-ի ճակատը պայքարում է սահմանադրական բարեփոխումների դեմ, «Նոր Հայաստանն» էլ երկու մեծ խնդիր է դնում` տապալել հանրաքվեն և զուգահեռ իշխանափոխություն իրականացնել: «Ոչ»-ի ճակատի ներկայացուցիչներն ավելի համարժեք պայքարի մեջ են իշխանության հետ, քան «Նոր Հայաստան» բևեռը: Չի կարելի ամեն օր իշխանափոխության մասին հայտարարել, բայց անպտուղ գործողություններ անել: Բազմաթիվ նման հայտարարություններ և շարժումներ ի չիք են դարձել, իսկ ժողովուրդն այլևս չի հավատում իշխանափոխության կոչերին: Ակնհայտ է, չկա այն ռեսուրսը, որը կաջակցի իշխանափոխության գործընթացին: Հետևաբար խնդիրները հերթականությամբ լուծելն ավելի ճիշտ է: Եթե «ոչ»-ի միջոցով կարողանաս տապալել սահմանադրական հանրաքվեն, դա իրական հնարավորություն է ստեղծում շարունակելու նպատակների իրագործումը և ի վերջո, հասնելու իշխանափոխության: Եթե քայլերի այս հաջորդականությունը չի հաջողվում, անիմաստ է այս էտապում իշխանափոխության մասին խոսելը:
-Որպես ընդդիմադիր շարժման «ներսում» եղած գործիչ, կասե՞ք` ինչն է խանգարում ընդդիմության միասնականությանը, ո՞րն է ընդդիմության խնդիրը:
-Ընդդիմությանը մշտապես խանգարել է անմիասնականությունը, չնայած 2007-ին ուժերի մեծ համախումբ եղավ: Վերջին շրջանում եկել եմ այն հետևության, որ կիսանախագահական համակարգը սողանցքեր է թողնում իշխանության վերարտադրության համար, այդ իսկ պատճառով ես կողմ եմ սահմանադրական փոփոխություններին: Եթե քսան տարի ընդդիմությանը չի հաջողվում իշխանափոխություն իրականացնել, ուրեմն էական խնդիր կա: Անձնակենտրոն իշխանությունը միշտ էլ կարող է մեկ մարդու հրահանգով անել ամեն ինչ, որպեսզի իշխանությունը պահպանվի: Պետք է փորձել անցում կատարել մի համակարգի, որն իր զսպող մեխանիզմներով հնարավորություն կտա ընդդիմությանը հստակ օրակարգով հանդես գալու և իր նպատակները կյանքի կոչելու: Երբ տարանջատվում են իշխանության թևերը, առաջանում է մրցակցություն, և միակենտրոն իշխանություն այլևս չի լինում: Այսպիսի վիճակը հօգուտ ընդդիմության է, քանի որ հնարավորություն է ստեղծում նոր «դիրքեր» գրավելու: Չնայած չեմ կարծում, որ հանրաքվեի դրական ելքի դեպքում այս վիճակին շուտ կհասնենք, քանի որ այն «ավանդույթները», որ գոյություն ունեն իշխանական վարքագծում և ընտրական գործընթացներում, դեռ իրենց զգալ կտան: Բայց ժամանակի ընթացքում խորհրդարանական կառավարման համակարգը կարդարացնի իրեն։ Ոչ մի իշխանություն հավերժ չէ, ընդդիմությունը կունենա վերահսկողական լծակներ: Գուցե կարողանանք ժամանակի ընթացքում կա՛մ ընտրություններով, կա՛մ էլ ժողովրդի ըմբոստությամբ հասնել իշխանափոխության: Այսօր այդ հնարավորությունը ես չեմ տեսնում:
-Ձեր դիտարկմամբ, նոր սահմանադրությունն ընդդիմության համար ավելի՞ բարենպաստ պայմաններ է ստեղծում: Այդ դեպքում միայն իշխանությանն ընդդիմանալու համա՞ր են «ոչ» ասում:
-Փորձում են Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել: Ընդդիմադիր դաշտում ևս լուրջ մրցակցություն է ծավալվել: Ամեն մեկը փորձում է ավելի արմատական երևալ, իսկ դա արտահայտվում է իշխանության բոլոր գործողություններին դեմ լինելով: Ժողովուրդը գոհ չէ իշխանություններից ու դրա բոլոր իրավունքներն ունի: Ոչ մի բարեփոխում մարդկանց կյանքում, ըստ էության, տեղի չի ունենում: Որպեսզի ունենա ժողովրդի աջակցությունը, ընդդիմադիր հատվածը պահի իր կողքին, ընդդիմությունն իշխանության բոլոր նախաձեռնություններին դեմ է լինում: Սա նորմալ է ու ճիշտ: Բայց ամեն ինչին չի կարելի դեմ լինել միայն նրա համար, որ արմատական ընդդիմություն երևաս: Չէ՞ որ դրանից ոչինչ չի փոխվում: ՈՒրեմն պետք է մտածել` ո՞րն է պատճառը: Ես պատճառներից մեկը համարում եմ գործող սահմանադրությունում առկա սողանցքերը, որոնք իշխանությունն օգտագործում է։
-Իշխանությունները քաղաքական կամք կդրսևորե՞ն հանրաքվեն առանց կեղծումների անցկացնելու համար:
-Չեմ կարող հավաստիացնել, որ ամբողջությամբ հավատում եմ հանրաքվեն արդար անցկացնելու իշխանության խոստումներին, բայց նաև չեմ ուզում հրաժարվել երազելուց: ՈՒզում եմ հավատալ, քանի որ լուրջ հնարավորություն է ստեղծվել իշխանության համար` մեկընդմիշտ ընտրական արատավոր համակարգին վերջ տալու: Ավելին, իշխանությունը հանրաքվեն «այո»-ով ավարտելու հնարավորություն ունի և պետք է ամեն ինչ անի, որ դա կեղծիքներով չլինի: Առաջարկվող սահմանադրական բարեփոխումներն արդարացված կլինեն, եթե ժողովուրդը հավատա արդյունքներին: Եթե հավատա, որ իր ձայնը տեղ է հասել, եթե հավատա, որ իր գործոնը երկրում կարևոր է: Մեզանում ամենամեծ խնդիրը քաղաքացու անկարևորությունն է, մինչդեռ ամենաէականը դա պետք է լիներ: Անկարևոր է, որովհետև քաղաքացին չի հավատում, որ իր ձայնը որոշիչ է այս կամ այն ընտրության ժամանակ: Եթե իշխանության նպատակներն ազնիվ են, եթե ուզում է իրոք բարեփոխումներ իրականացնել, ուրեմն արդար ընտրություններ պետք է անցկացնի: Հակառակ դեպքում, ինչպես կիսանախագահական համակարգը, գործող սահմանադրությունն են առ ոչինչ դարձել, այդպիսին կդառնան նաև սպասվող բարեփոխումները:
-Եթե արդար անցկացվի հանրաքվեն, ժողովուրդն ավելի շատ «այո»-ի՞, թե՞ «ոչ»-ի կողմնակից կլինի:
-Այնպես չէ, որ այսօր հանրությունը երազում է սահմանադրական բարեփոխումների մասին: Նա բազում խնդիրներ ունի, որոնց լուծման մասին է մտածում: Մեծ հետաքրքրություն չի դրսևորում ո՛չ «այո»-ի, ոչ էլ «ո՛չ»-ի նկատմամբ: Հայաստանում առնվազն հինգ հարյուր հազար աշխատող կա, որ պետական համակարգում է ընդգրկված: Նրանց շրջանում քարոզչություն պետք է իրականացնել, բովանդակային քննարկումներ ծավալել, որպեսզի գնան և կողմ քվեարկեն: Կարիք չկա կեղծիքների, մանիպուլյացիաների, կարուսելների: Իշխանությունը պարտավոր է արդար ընտրություններ անցկացնել, որպեսզի վերականգնվի ապագայի հանդեպ ժողովրդի հավատը։
Զրուցեց Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ